Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/505

Այս էջը սրբագրված է

Էրեսն էլ լխկած կեղնի՝ ինչղ օր մեջը ջուր լցած․․․Ես էնպես սեր ունեի աշելու, որ հեչ բան չէր օգնե։ Երկու օր օր չաշեի՝ խելռածի պես կեղնեի․․․ Հընգերներուս հետը դավուլ–զուռնով կերթայի գերեզմընները՝ կբանայի գուլայի․․․ էդև օր ձեռք քաշեմ իդի բանեն՝ վրեն քար քաշել տվի, հըմը էլի չօգնեց։ Հիմի էլ կողքեն կփորեի՝ կհանեի։ Մի անգամ էլ փորի, գլուխը գուզեի քիչըմ առաջ քաշեմ՝ պոկվավ, ձեռքս մնաց... Հանի դրի քարին... Մեջեն նռի հատիկները գիտե՞ս — էդպես կարմիր ճիճուներ թափան... Ինչղ որ նռի հատիկ... Իշտը իդո՛նք են մեռելներուն ուտողը... Սարսափած մենք նայում էինք Գուրգենին, և մեզ զարհուրելի զառանցանք էր թվում նրա այդ կոշմարային պատմությունը։ Մեռելներին, մանավանդ սիրելի մեռելներին, մենք սովորել ենք ու սիրում ենք պատկերացնել լուսավոր, անմարմին ու սրբացած, ինչպես նրանց հիշատակը։ նույնիսկ այնտեղ, դագաղում՝ մենք պատկերացնում ենք նըրանց ննջած խաղաղ, եթերային քնով՝ դեմքերին տխրություն ու ժպիտ, հրաժեշտի խաղաղ տխրություն ու հեռացման իրիկնային ժպիտ։ Մարդկային այս սրբազան նախապաշարմունքի նվիրական լեգենդն էր ոտնակոխ անում իր կոշմարային ռեալիզմով այդ քիմերային Գուրգենը — և դա թողնում էր ծայր աստիճանի ծանր, ճնշող, քստմնելի տպավորություն... Այդ գիշեր մինչև լույս ես չքնեցի և անհանգիստ շրջում էի քրեական կորպուսի վերի միջանցքում, և կյանքը, աշխարհը, երկինքն ու արգեակը, ա՛յն ամենը, ինչ որ պայծառ է ու գեղեցիկ մեր այս վայրկենական կյանքում — ինձ թվում էր ճերմակ,