Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/515

Այս էջը սրբագրված է

«Երկիր Նայիրիի» մասին գրված տարբեր հոդվածներում, ինչպես և բանավոր զրույցներում մի անգամ չէ, որ խոսք է բացվել վեպի որոշ կերպարների նախատիպերի վավերականության վերաբերյալ։ Համառորեն նշվել ու հաստատվել է, օրինակ, որ Մազութի Համոյի համար բնորդ է ծառայել XX դարի առաջին տասնամյակների Կարսի գործիչներից' Համազասպ Նոհրատյանը։ Նման խոսակցությունները, իհարկե, չէր կարելի անուշադրության մատնել վեպը ծանոթագրելիս, մանավանդ որ ամենայն հետևողականությամբ նույն բանն են պնդում նաև մեր օրերում կարսեցի մտավորականներից շատերը (մանկավարժ Մ. Դուրգարյան, գրող Աշ․ Փալանջյան, Կ․ Քոթանջյան և ուրիշներ)։

Մազութի Համոյի բնորդի շուրջն էլ ձեռնարկել ենք պրպտումները, այդ ընթացքում կուտակվել են նյութեր ու փաստեր, որոնք հաստատում են ոչ միայն հերոսների «կենսագրության» ու «մղումների», այլև վեպում նկարագրվող դեպքերի ու իրադարձությունների, Վիպական ամբողջ մթնոլորտի հավաստիությունը։

Նյութերի մի մասը նպատակահարմար ենք համարել մեջ բերել հենց այստեղ, մյուս մասը թողնելով հերոսների նախատիպերի ծանոթագրություններին։ Դրանք «Երկիր Նայիրի» երրորդ մասում նկարագրվող ողբերգական իրադարձությունները բնութագրող վավերագրեր են, կարևոր վեպի մտահղացման, գաղափարական –գեղարվեստական հյուսվածքի մեկնաբանության համար։

Վավերագրերի զգալի մասը առնչվում է Կարսի Հայրենակցական միության գործունեությանը։ 1918 թ․ ապրիլի 29-ին, Կարսի անկումից 17 օր հետո, Թիֆլիսում գումարվում է Կարսի գաղթականության հայրենակցական ժողովը։ «Մշակ» օրաթերթը (№ 88 և № 89) լայն հաղորդումներ է տպագրում ժողովի առթիվ։ Առաջին իսկ հաղորդման մեջ կարդում ենք. «Այնուհետև ժողովականները իրար ետևից թափեցին զանազան հարցեր, որոնց մեջ նշանավոր տեղ էր բռնում այն հարցը, թե ով եղավ այս աղետալի կործանման պատճառը, ովքեր և ինչպես էին ղեկավարում սարսափահար եղած փախչողներին... Ինչո՞ւ ղեկավարները մինչև անգամ վերջին ավելն էլ տեղափոխեցին Թիֆլիս, իսկ շատերը մի ասեղ էլ չկարողացան վերցնել և հազիվ իրանց չոր գլուխը ազատեցին։ Սրան֊նրան վագոն տալու համար կառավարիչները հազարներ էին վերցնում, ի՞նչ իրավունքով էին վերցնում և ո՞ւմ գրպանը մտան այդ հազարները։