Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/523

Այս էջը սրբագրված է

XI դարի կեսերից քաղաքը անցնում է մեկ հույների ձեռքը, վրացիների, սելջուկների, պարսիկների, ապա թուրքերի։ Ալիշանի վկայությամբ Կարսը՝ «Հռչակեալ ի յետին դարս ոչ միայն ի Հայս և յՕսմանաստան, այլև յողջոյն արևելս՝ վասն դիպան դրից և հզոր ամրութեանն, և անառիկ համարեալ, և բազում պաշարմանց և մարտից տարեալ» (տե*ս նույն տեղում, էջ 79)։

1877 թ. նոյեմբերի լույս 6֊ի գիշերը ռուսական զորքերը գրավում են Կարսը, դարձնելով ռուսական կայսրության գլխավոր ամրոցը հարավում։ Հին քաղաքը՝ քարքարոտ զառիվայրի վրա ամֆիթատրոնի ձևով, ռուսական տիրապետության տարիներին ընդարձակվում է Կարս գետի երկայնքով՝ ստեղծվում է նոր քաղաքը։ Վեպում բազմիցս կրկնվող Վերի թաղեր անվանումը վերաբերում է հին քաղաքին (Բերդի և Առաքելոց եկեղեցու շուրջը գտնվող թաղերին), վարի թաղերը՝ նոր քաղաքն է: Ռուսական տիրապետության ժամանակ Կարսը մարզային կենտրոն էր նահանգական կենտրոնի իրավունքներով (Կարսի մարզը՝ բաղկացած էր չորս օկրուգներից և մտնում էր Կովկասի փոխարքայության կազմի մեջ)։

Խալդեր — Պատմագրության մեջ անվանվել են ուրարտացիները, որ ճիշտ չէ. առաջացել է ուրարտական սեպագրերի սխալ թարգմանությունից։

Ուրարտացիներ — Կոչվել են Ուրարտուի (հհնագույն ստրկատիրական պետություն Հայկական բարձրավանդակում և Անդրկովկասի հարավում մ.թ.ա- XI—VII գդ.) բնակիչները։ Անվանումը սերել է ասուրական աղբյուրներից։

Էյֆելյան աշտարակ — Մետաղյա աշտարակ Փարիզում. կառուցել է ֆրանսիացի ինժեներ էյֆելը 1889 թվականին։

Գեներալ Ալոշ — Կարսեցիների (Մ• Դուրգարյան,Ա. Փալանջյան) վկայությամբ հասարակ ժողովուրդը գեներալ Ալոշ է անվանել մեծահարուստ Ալեքսանդր Զիթողցյանին, որը, սակայն, ոչ մի առնչություն չի ունեցել զինվորական ծառայության հետ։

«Карс» շաբաթաթերթի տարբեր տարիների համարներում Զիթողցյանի ազգանունը հանդիպում ենք նվիրատուների կամ այլ տիպի ցուցակներում, ըստ որում սկզբում պատվելիների շարքում։

Թե որքան է իրական Գեներալ Ալոշի անձնավորության նկարագրությունը վեպում, կարող է վկայել հետևյալ հրամանը.