Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

շաքար։ «Դժվար է Մազութի Համոյի հետ մրցել, շատ է դժվար» — մտածում է նա։

Եվ ճիշտ որ՝ ինչո՞ւ մրցել։ Ինքը ամենամոտիկ բարեկամն է — գավառապետի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի և այլն, և այլն, և այլն — քաղաքի բոլոր ազդեցիկ և դիրքի տեր մարդկանց։ Վերջապես ինքը — այո — նախագահն է տեղական «Կոմիտեի», և նույնիսկ երևակայո՞ւմ եք — , «Կենտրոնական Կոմիտեի», թեկուզ այս մասին գավառապետը չգիտե և չի էլ ենթադրում... Գիտենա էլ — ի՞նչ պիտի անե․ դժվար է, դժվա՛ր է Համո Համբարձումովիչի հետ մրցելը՝ խելացի մարդ է գավառապետը, նա հո չի՞ կարող այդ բանը չհասկանալ... Իսկ այն, որ նա ներկայացուցիչն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերությանը. նավթը հո «որսորդական ապրանք» չէ, որ իսկույն սպառվի. քանի դեռ ապրում է ինքը և կանգուն է Բաքուն, Համո Համբարձումովիչի գրասենյակը կա և կմնա իսկական «Նայիրյան գործերի կենտրոն» և ո՞վ գիտե նրա, Համո Համբարձումովիչի գրասենյակից չէ՞, որ պիտի ելնե խանդավառ առաջին «ողջույնը ազատ նայիրցիներին» — երբ ցրվի մի օր մուժը, մշուշը դարավոր Նայիրիի դեմքից և զվարթ ու խնդուն, որպես ինքնակալ մի արքա — ժողովուրդ, ելնե դարերի փոշուց ազա՜տ Նայիրին...

Այսպիսի մտքեր է ահա ունենում ամեն անգամ Նշան Մառանկոզյանի նախկին խանութի առաջից անցնելիս Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն:

Բայց բավական է, կարծեմ, որքան խոսեցինք նայիրյան քաղաքի զանազան նշանավոր և