Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/532

Այս էջը սրբագրված է

ուրիշ կենացներ, որոնցից յուրաքանչյուրը ժողովուրդը ընդունում էր «ուռաներով»։ Հյուրերի մեջ աչքի էր ընկնում իշխան Աբխազի (սա Թիֆլիսի Նահանգի ազնվականության պարագլուխն էր— կազմ.), որի առաջարկությամբ, ի դիմաց Թիֆլիսի նահանգի ազնվականների, առաջարկվեց երկաթուղու գծի վրա բոլոր աշխատավորների կենացը։ Երկրորդ դահլիճում սեղան էր պատրաստված երկաթուղու ստորին ծառայողների համար։ Այսօրվանից սկսվում է երթևեկությունը, առայժմս շաբաթական երկու անգամ: Առավոտյան, դեռ գնացքը չեկած, անձնասպան եղավ Կարսից մինչև Ալեքսանդրապոլ կայարանների և այլ շինությունների կապալառու Հարություն Ռափայելյանը, որը հայտնի էր իր գործի մեջ իբր բարեխիղճ և ազնիվ մարդ... Սպանության պատճառը դեռևս անհայտ է. միայն ասում են, որ նա դիմել է այդ քայլին, որովհետև երկար ժամանակ իր շինածների համար գանձարանից փող չէր ստացել, որի համար ամենահնազանդ արհեստավորներն անգամ սկսել են տրտնջալ և անպատվել նրան, իսկ ինքը չկարողանալով տանել այդ վիրավորանքը՝ լավ է համարել ատրճանակի մի հարվածով վերջ տալ իր կյանքին...»։

Թղթակցության տակ դրված է ստորագրություն՝ Հ. Նոհրատյանց. անկասկած Համազասպ Նոհրատյանն է սա, Սարսի ծխական դպրոցի ուսսւցիչ, դաշնակցական գործիչ, հետագայում «Լույս» ընկերության կառավարիչ, 1919—1920 թթ. Կարսի քաղաքագլուխ, որ բնորդ է ծառայել Չ֊ին՝ Մազութի Համոյի համար։ Չ-ը գրում է, թե առաջին գնացքը դիմավորողների թվում էին «Գեներալ Ալոշը Մազութի Համոյի հայրը՝ Առաքել աղան» (վեպի հաջորդ մասերում Համոյի հայրը Համբարձում է): Կարելի է ասել, ուրեմն, որ դիմավորել է նաև ինքը՝ Մազութի Համոն։

Մազութի Համո— Նկատենք, որ 1899 թ. Համազասպ Նոհրատյանը դաշնակցության արդեն ճանաչված գործիչ էր Կարսում։ «Հայոց հասարակական շարժումների պատմությունից» վերնագրով դաշնակցության «Հայրենիք» ամսագրում տպագրված Մ. Շ-ի հուշերում (Մ. Շաթիրյան— կազմ.) կարդում ենք. «Մի քանի օրից հետո գնացի Կարս։ Քանի որ Կուկունյանի գործը կենտրոնացած էր Կարսի շրջանում, անհրաժեշտ էր մեր օժանդակության գործն էլ այնտեղ կենտրոնացնել։ Պետք էր այնտեղ ես կազմել «Դրոշակի» մի մասնաճյուղ. այդպես էլ արի։