Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

աննշան կենտրոնների մասին. եթե այդ քաղաքի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող կենտրոնների մասին խոսելու լինեինք՝ նախ երբեք չէինք վերջացնի, և երկրորդ՝ ընկեր Սուրեն Վառոդյանի նման դեմ կառնեինք այն թյուրիմաց հարցին, թե ինչո՞ւ վերջապես, կենտրոն չի կարող համարվել թեկուզ Եգոռ Արզումանովի գինետունը, կամ Տելեֆոն Սեթոյի հայտնի սրճարանը, որ ունի հայերեն գրված այսպիսի մի ցուցանակ.

ՂԱՀՎԵ, ՋԱՏ, ՃԱՇԱՐԱՆ

ՍեԹՐԱԿ ՖԱԼԻԱՆ

Թողնենք, ուրեմն, բոլոր այդ կենտրոնները և անցնենք քաղաքի առօրյա կենցաղին։

Ինչպես ամեն տեղ աշխարհիս երեսին, այնպես էլ նայիրյան այդ փոքրիկ քաղաքում — կանուխ, մութլուսուն ելնում է նայիրցի խանութպանը, ոմն Կարապետյան կամ Մարտիրոսյան,— իր տնից և գնում է գործի։ Քաղաքի առևտրական մասը Լորիս-Մելիքյան կոչված փողոցն է, ուր երկու շարք, կողք-կողքի ձգված են ցածլիկ, միհարկանի խանութները՝ երկար-երկար — մինչև կայարան։ Քաղաքի (ամենաբանուկ փողոցն է այդ և որպես այդպիսին՝ ամենափոշոտն ու ամենացեխոտը։ Եթե անձրևային է լինում եղանակը՝ փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար հարկավոր է ձեռք քաշել կրկնակոշիկից կամ կոշիկից, եթե մեծ է այն ոտքիդ, անպայման ցեխում կմնա։— Այդ փոշոտ, ցեխոտ, նեղլիկ փողոցում են կենտրոնացած քաղաքի առևտրական հիմնարկությունները և ուրիշ ոչ մի տեղ, եթե, իհարկե, չհաշվենք թաղերում