Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/549

Այս էջը սրբագրված է

մաղթանք Տիրոջը՝ Աստծուն, ռուսական զենքին հաղթություն պարգևելու համար և խնդրեցին սուրբ սեղանից հավաստիացնել Նորին Կայս. Մեծությանը հավատարիմ հպատակության իրենց զգացմունքները...»։

... Նվագախումբը մի քանի անգամ նվագեց «Ժողովրդական հիմնը»։ Երեկոյան կղզի հավաքվեցին հազարավոր մարդիկ, որոնք զինվորական նվագախմբի ուղեկցությամր շրջեցին Կարսի փողոցներով, ապա վերադառնալով կղզի, բուռն ցույց սարքեցին՝ գոչելով «կորչի՛ Գերմանիան», «Կեցցե՛ Ռուսաստանը» —... ցույցը տևեց մինչև ուշ գիշեր»։

Վեպում նկարագրվող դեպքերը պատկերացնելու համար հետաքրքիր է նաև 1914 թ. օգոստոսի 3-ի, այսպես կոչված, հայոց մաղթանքն ու ցույցը, որի առթիվ մամուլը հաղորդում է․

«Կարսը ոգևորված է — Կարս, 3 օգոստոսի

Ներկա պատերազմի առիթով այսօր պատարագիչն էր քաղաքիս հաջորդը։ Պատարագից հետո եկեղեցական թափորը՝ իր ետևը գցած բազմաթիվ երկսեռ ժողովուրդ, շարական երգելով հասավ ռուս- թուրքական վերջին պատերազմում ընկած զինվորների վրա կանգնեցված արձանին, որտեղ հոգևորականության համար փռված էին գորգեր։ Թափորին ներկա էին նահանգապետը և քաղաքագլուխն իրենց օգնականներով և բոլոր ստորին ծառայողներով։ Արձանի մոտ հոգևոր արարողությունը և մաղթանքը վերջանալուց հետո, հաջորդը խոսեց բավականին զգացված և հետո կարդաց ռուսերեն մի ճառ։ Ապա խիստ գեղեցիկ և ոգևորված խոսեց նահանգապետը և շնորհակալություն հայտնեց հայերի անկեղծ ցույցերի ու համակրության համար և հայկական հարցի մասին հուսադրեց, որ վերջ ի վերջո ռուս կառավարության շնորհիվ իր ցանկալի վախճանին կհասնի։ Երկարատև «ուռաների» տակ ծածկվեց նահանգապետի իմաստալից ճառը։ Զարմանալի ոգևորություն էր տիրում ամենքի մեջ։ Այստեղից եկեղեցական թափորը խուռն բազմության հետ դիմեց նահանգապետի տունը, որտեղ հաջորդը պահպանիչ ասաց և օրհնեց նահանգապետին։ Ծովացած ժողովուրդը երկարատև ուռաներով աղաղակում էր. «Կորչե՛ն Գերմանիան ու Ավստրիան, կեցցե՛ն Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան»։ Այստեղ նահանգապետը համբուրվեց հաջորդի հետ։ Ոգեվորությունը ընդհանուր էր և անկեղծ» (տե՛ս Մշ, 1914 թ., Л? 174)։