Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է

գտնվող այն մի-երկու տուն-խանութները, որոնցում առևտուրը տեղի է ունենում նահապետական ձևով՝ ապրանքների փոխանակությամբ։ Մի ձուն — մի ասեղ ահա այդ խանութների առևտուրը։

Ինչպես ասացի՛նք՝ ա՛ռավոտ կանուխ, համարյա մութլուտուն, ելնում է նայիրցի խանութպանը տնից և գնում է գործի։ Նա — ահա — անցնում է առավոտվա մշուշի միջով, ելնում է մշուշից՝ միջահասակ, ծուռ, աջ ուսը միշտ մի քիչ բարձր ձախից. մոխիրե ուրվական։ Լուրջ է՝ դեմքը թուխ նստած հավի է նման. հոգսեր, հոգսեր, հոգսեր — աշխարքի հանելուկ։ Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ, ու բացվում են խանութներն իրար ետևից. հացագործ, մանրավաճառ, կոշկակար. կողքին՝ մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ։ Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի․ հացթուխի խանութում միևնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել և գրվանքաներով ծախում է ուզողին։ Կտորեղեն ծախողը — հակերով բրինձ է վաճառում, կամ շաքար, կամ լուցկի։ Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նայիրցի վարսավիրությամբ է զբաղվում։ Կամ մտնում ես ներս — վարսավիր է, բայց պատուհանի առաջ, անկյունում, ակնոցավոր մի մարդ սեղանի դեմը նստած՝ ժամացույցներ է տնտղում. ժամագործ է։

Կամ այստեղ, նպարավաճառի կողքին, աղյուսե բավականին ընդարձակ մի խանութ է ահա․ մեծ, ապակեպատ դռներով, նույնիսկ վիտրին ունի, ուր շարված են՝ տղամարդու և կանացի պատրաստի