Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/569

Այս էջը սրբագրված է

Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի... բնակիչներին՝ դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, և ընկ. Վառոդյանի հրաման ներին նետևեյով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն — Վերի թաղը՝ հին քաղաքն է (Բերդի և Առաքելոց եկեղեցու թաղերը)։ Վերի թաղերի այս ազգաբնակչությունն է, որ քաղաքի անկումից հետո լցվում է Թիֆլիսի Պոլշկինյան այգին՝ ծայրից֊ծայր, բաց երկնքի տակ։ Թերթերում ծայր են առնում Վերի թաղերից կորած երեխաներ որոնող հայտարարություններ, մոտավորապես այս- պիսիք. «Կարսի գաղթականներից 13 տարեկան մի աղջիկ թյուրիմացությամբ ընկել է Գորի։ Աղջկա անունն է Եղիսարեթ, հոր անունը Հակոբ, մոր անունը Նուշո, ազգանունը Սիմոնյան։ Նա Կարսի Վերին թաղցի Է» (տե՛ս Հզ, 1918 թ., № 83):

Գյուղերից քաղաք էին թափվել հազարավոր նոր ընտանիքներ — էրզրումի անկումից հետո Կարսի շրջանի ամբողջ հայ գյուղացիությունը, իսկապես որ, թափվել էր Կարս։

Փակվել են համարյա բոլոր խանութները... խանութները դատարկ էին- Դեռևս հունվարի 2֊ին Կարսից հայտնվում էր, թե՝ «Մանուֆակտուրայի մագազինները բոլորովին փակվեցին։ Ոչ մի տեղ ոչ մի արշին կտոր չկա։ Նույնիսկ մեռելի համար պատանք չի ճարվում» (տե՚ս Մշ, 1918 թ., № 6)։

...Դեգերտիրությունը... — 1918 թ. սկզբներին Անդրկովկասում կազմակերպվում են ազգային զորամասեր, այդ թվում և հայ ազգային զորամաս: Շատ չանցած արձանագրվում են դասալքության տրամադրություններ։ Այսպես, հունվարի 19֊ին «Հորիզոնում» տպագրված մի հոդվածում ասվում է. «Հայ զինվորները զատվեցին և կազմեցին ազգային զորամասեր, որոնք սկզբում աշխույժ և տաք կպան գործին և սկսվեց մի եռուն կյանք։

Սակայն, ավա՜ղ, դա միայն գործի սկիզբն էր. մինչդեռ գործը չմարմնացած, երևացին լքման ու քայքայման բոլոր նշանները... Եվ ահա այսօր մենք տեսնում ենք նույն դասալքումը, որին դիմել է հայ զինվորական մասսան, և հետզհետե մերկանում է ոչ միայն ֆրոնտը, այլև հայ զորամասերը, որոնց վրա է դրված մեր ամբողջ հույսը...