Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/61

Այս էջը հաստատված է

Հաջին, նկատելով փողոցի ծայրից առաջացող իր երեխային, որ ամեն առավոտ իր համար հաց ու պանիր է բերում տնից (շաքար խանութում կա) — մտնում է իր խանութը թեյելու։ Ղահվեճին, մենակ մնալով, մտածում է ինքն էլ մտնի իր խանութը թեյելու, բայց այդ պահուն կոշկակար Սիմոնը դուրս է ելնում խանութից և ձեռքը մեկնելով նրան՝ «Բարի լույս, պ. Սեդրակ» — ասում է քաղաքավարի։ « — Գիշերս լա՞վ ես քնե» — հարցնում է կոշկակար Սիմոնը ղահվեճի Սեթոյին։ Շատ քաղաքավարի երիտասարդ է կոշկակար Սիմոնը և միակն է քաղաքում, որ «պ. Սեդրակ» է անվանում ղահվեճի Սեթոյին։ Ուստի և այս վերջին հանգամանքից չափազանց զգացված՝ «Աղեկ եմ» — պատասխանում է, ժպտալով, ղահվեճի Սեթոն. (— առավոտ յաղլու մը կլլած եմ, ըստ սովորության»: — «Անուշներ» — կտրուկ կտրում է Սիմոնը և նորից մտնում է խանութը՝ թողնելով անուշ հիացմունքի մեջ ղահվեճի Սեթոյին։ «Ի՞նչ կըսեր էլի Կլուբի մեյմունը» — յուղոտ ժպիտը դեմքին, դանդաղ մոտենալով, հարցնում է վարսավիր Վասիլը։ «— Գործ չկա» — պատասխանում է հորանջելով ղահվեճի Սեթոն, և երկուսը միասին, տխուր-տխուր աչքերով, սկսում են նայել փողոցի մեջտեղով անցնող անասուններին ու գյուղացիներին։ «Ես չեմ հասկնար, թե դուն ինչո՞ւ չես հարգեր սաբոժնիկ Սիմոնը» — ասում է ղահվեճին. «— ես անոր ոտքերը ունենայի նե— հիմա սանկ թխլիկ կնիկ մը տունս նստած կլլար. սատանայի պես կսլարե շանորդին...»: «Չի ըսե՝ մեյմունի պես, կըսե սատանայի» — լինում է վարսավիրի կտրուկ պատասխանը։ Ղահվեճին վիրավորվում է իր մեջ,