Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/62

Այս էջը հաստատված է

բայց վախենում է վարսավիրի հեգնող լեզվից և ոչ մի բառով կամ ակնարկով չի արտահայտում իր դժգոհությունը։ «Ի՞նչ կըհասկնա այդ աղտոտ ուշաղբազը» — հայհոյում է մտքում վիրավորված ղահվեճին և մի վախլուկ ժպիտ սահեցնելով դեմքին՝ մտնում է խանութը։ Եվ այս պատմությունը կրկնվում է ամեն օր համարյա, ամեն առավոտ։ «Վատ, չարախոս լեզու ունի ուշաղբազ պերպերը»— մտածում է, խանութի մի անկյունը նստած, ղահվեճի Սեթոն։

Արևը կամաց–կամա ց սկսում է բարձրանալ, և ահա մյուս, ոչ խանութպան, քաղաքացիները ևս ելնում են տներից և մայթերի վրայով գնում են՝ մի մասը «պրովիզ» գնելու, մի մասը — գործի։ Պաշտոնյաները շտապում են պաշտոնատեղի, պ․ Մարուքեն շտապում է դպրոց։ Խանութներում գործը հետզհետե սկսում է եռալ, և գուցե միայն դագաղագործը և «Եվրոպա» ճաշարանի տնօրեն Եգոռ Արզումանովն են հիմա, անգործ նստած իրենց խանութների առաջ, ձանձրույթից հորանջում։ Սակայն նրանք էլ կամաց֊կամաց սկսում են ըզբաղվել․ դագաղագործը ձանձրույթից ձանձրացած՝ սկսում է թղթե արծաթազօծ հրեշտակներ կպցնել դագաղների վրա, իսկ դուքանչի Եգոռը մի բավականին մաքուր սրբիչ վերցնելով՝ սկսում է ճաշարանի սեղանները սրբել։ Սրբում, սրբում է դուքանչի Եգոռը և շվվացնելով «Վասադուլի» ռուսական երգը, մտածում է, որ հարկավոր է մի մեծ քաղաք տեղափոխվել — Ռաստով կամ Կատինդար– և այնտեղ կարգին «ստալովո» պահել։ Եվ հանկարծ, ինքն էլ չգիտե ինչու, հիշում է, որ ղահվեճ