Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

Սեթոն մի անգամ բարեկենդանին մի ֆունտ լվացքի սապոն մի անգամից կերավ՝ տասը ռուբլի գրազի համար։ «Թու քու գալած ճամփեն...» — զզվանքով հայհոյում է Եգոռ Արզումանովը և սրբիչը մի կողմ նետելով՝ ելնում է փողոց։

Այդ նույն վայրկյանին պ. Մարուքեն մտնում է վարսավիր Վասիլի վարսավիրանոցը՝ ածիլվելու: Ամեն օր դպրոց գնալուց առաջ անպայման ածիլվում է պ. Մարուքեն։ Ահա թե ինչու վարսավիր Վասիլը մի առանձին հարգանք է տածում դեպի պ. Մարուքեն. ածիլելիս այնքան է մոտեցնում իր արաղահոտ շրթունքները պ. Մարուքեի այտերին, որ միանգամայն հավանական է դարձնում ղահվեճի Սեթոյի կասկածները վարսավիրի բարոյականի նկատմամբ։ Պ. Մարուքեն, իհարկե, երիտասարդ չէ, երեսուն-երեսուներկու տարեկան կլինի — թեպետ, մյուս կողմից՝ դեմքը թուխ է, հաճախ սափրվելուց և պուդրա գործածելուց այտերը հաճելի քնքշություն են ստացել, իսկ քթի ծայրը համարյա միշտ կարմրած է լինում հարբուխից կամ օղուց։

«Խորին հարգանքներս պ. Մարուքեին» — ասում է վարսավիր Վասիլը, գլուխ տալով, երբ պ. Մարուքեն մտնում է ներս։ Պ. Մարուքեն թեթև գրլխով է անում և լուրջ, սփրթնած դեմքով նստում է հայելու առաջ։ Աչքերը փակում ու, ծույլ, փափկաթոռի մեջ ընկղմած, սպասում է, մինչև տաք, կակուղ խոզանակը, սապոնոտ սահելով՝ քսվի դեմքին և իր այտերի վրա շոգ, տաք՝ զգա վարսավիր Վասիլի արաղահամ շնչառությունը։ «Զգույշ» — բարկացած վեր է թռչում պ.Մարուքեն, երբ վարսավիրի տաք շրթունքները համարյա քսվում են