Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

դաստիարակիչ գլուխների մասին, կազմակերպեք երիտասարդական միություն, որի գլխավոր նպատակներից մեկը պիտի չինի «Հայոց լեզուն տարածելու խնդիրը» — ռուսախոս նայիրցիների շրջանում։ Լավ երիտասարդ է պ. Աշոտը և լավ մտքեր ունի, բայց դժբախտաբար անտարբեր չէ դեպի իր պաշտոնակցուհի օր. Նվարդ Լուսպարոնյանը, որ Թիֆլիսի հովնանյանավարտներից է և պահում է կարճ մազեր։ Չորրորդը նույնպես ուսուցչուհի է, երեսունին մոտիկ մի օրիորդ, օր. Վարդուհի Զատիկյան. վերջացրել է Երևանի Գայանյան դպրոցը, չի սիրում օր. Նվարդին և ֆիզիկական ատելություն է զգում դեպի նրա կարճ մազերն ու թեթևամիտ հանաքները։ «Կինը պետք է իրեն պահել իմանա» — ասում է նա հաճախ՝ ակնարկելով օր. Նվարդի հանաքները պ. Մարուքեի հետ, դեպի որը, ասում են, այնքան էլ անտարբեր չէ... ինքը' օր. Վարդուհին:

Նրանք նստած են հիմա ուսուցչանոցում, որը շատ լվանալուց խունացած հատակով և դեղնած առաստաղով երկպատուհան, մի սենյակ է. մեջտեղում՝ կանաչ ծածկոցով, թանաքոտած մի սեղան, պատից կախված է մի մեծ, կայարանների ժամացույցներին նման, կլոր ժամացույց, իսկ երկու պատուհանների մեջտեղում — մի մեծ փայտյա պահարան։ Պատուհանները փողոց են նայում, իսկ դուռը միջանցք է դուրս գալիս, բակը, որտեղ խաղում են երեխաները, մնում է հեռու — այդպիսով նրանք այստեղ բավականին ապահովված են իրենց զգում երեխաների աղմուկ֊աղաղակներից. մի հանգամանք, որից շատ դժգոհ է պ. Մարուքեն և ավելի քան գոհ է օր. Նվարդը։