Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/75

Այս էջը հաստատված է

Այդ քաղաքավարի արարքով նա միանգամից կարողացել է հասնել երկու նպատակի. նախ, որ իր խանութը եվրոպական խանութ է իր բոլոր կողմերով, երկրորդ՝ որ ինքը, որպես իսկական եվրոպացի, ճաշում է ժամը չորսին։ Թեկուզ ոչ մի կոպեկի ապրանք չի կարողացել ծախել պ. Արոմարշը, բայց գոհ է, որ հնարավորության ունի և գիտե եվրոպացի լինել։ «Տո՛, գռեհիկ գոմեշ, ի՞նչ ես արևի տակ նստե, էրթանք թուղթ խաղանք» — ասում է նա, մոտենալով ղահվեճի Սեթոյին։ « — Նարդի կուզես նե— կխաղամ, թուղթ չեմ խաղար», — պատասխանում է ղահվեճին և, քանի որ Աբոմարշը չի հակաճառում՝ նա նույնպես փակում է խանութը, բայց թուղթ չի փակցնում դռանը, որ գնում է ճաշի— և երկուսով միասին գնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը— նարդի խաղալու։

Երբ նրանք, թև֊ թևի տված, ձանձրույթից փրկվածների գոհունակությամբ մտնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ այնտեղ հանդիպում են մի շարք հարևանների, որոնք նույնպես թուղթ, դոմինո կամ նարդի են խաղում՝ նայած տրամադրության։ Դագաղագործ Ենոքը և Կինտաուրի Սիմոնը նախընտրել են թուղթը և երկուսով «փաստոն» են խաղում ձմերուկի վրա. ով որ տարվի— մի ձմերուկ գնի։ Նրանց գլխին հավաքվել են՝ Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, մանրավաճառ Պողոս Կոլոպոտյանը, Կաթոլիկ Սիմոնը, գինեվաճառ Նիկոլ Արդումանովը և իրենց տաք բացագանչություններով մասնակցում են նրանց խաղին ու մի առանձին հետաքրքրության մթնոլորտ են ստեղծում Սեթոյի արճախանում։Նրանց այդ ոգևորված հավաքույթը