Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է

տեսնելով ղահվեճի Սեթոն և պ. Աբոմարշը ևս, մոռանալով իրենք նարդի խաղալու ցանկությունը, միանում են նրանք:

Երբ օրն սկսում է կամաց֊ կամաք մթնել՝ հերթով, իրար ետևից, սկսում են փակվել Լորիս֊ Մելիքյան փողոցի ցածլիկ խանութները։ Ամենից առաջ դագաղագործ Ենոք Կարապետյանն է փակում իր խանութը ներից, և ինքը մնում է խանութում: Այդ հարքելի նայիրցին տուն չունենալու պատճառով քնում է իր գործատեղում, իր շինած դագաղներից մեկում, այդ բանն ամբողջ քաղաքը գիտե և ահա հենց այդ է պատճառը, որ նրան քաղաքում անվանում են Մեռելի Ենոք, իսկ երեխաները վախենում են նրանից և չեն սիրում անցնել դագաղագործի խանութի առաջից։ Երկրորդ խանութպանը ղահվեճի Սեթոն է, որ փակում է իր խանութը և նույնպես ընտանիք չունենալու պատճառով՝ գնում է քաղաքային այգի զբոսնելու և հարսնացու ընտրելու։ Հետո Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն է իր խանութը փակում— և ահա նրանից հետո բոլորը, իրար ետևից խանութները փակելով, դնում են՝ որը տուն, որը քաղաքային այգի, որն էլ նորից Տելեֆոն Սեթոյի սրճարանն է գնում, որ երեկոյան հանգիստն այնտեղ վայելե— թղթախաղով, կամ ուրիշի խաղին նայելով։ Եվ այսպես փողոցը կամաց֊ կամաց սկսում է բոլորովին ամայանալ. մութն էլ, անդեմ ու անխորհուրդ, ծույլ, հորանջող պառավի մի նման, իջնում է ու նստում փողոցների վրա և տեղ֊ տեղ տարտամ, վախկոտի աչքերի պես թարթող կրակներն են միայն ենթադրել տալիս, որ այդտեղ դարերից ի վեր ապրում է ու զվարճանում նայիրյան մի քաղաք։