Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս։ Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշաdրությունս։ Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի, կամ փոստ-հեռագրային ցրիչի, և, գլխի վրա դրած, տանում էր— երևակայո՞ւմ եք— դեղնավուն մի դագաղ։ Անձրև էր, ցեխոտ փողոց, ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. և այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը կամ ցրիչը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր և մեծ մի դագաղ։ Դեմքը չէր երևում, բայց մեջքի և ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց, ինչ գնով էլ չինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի։ Երևի մայրն էր մահացել, կամ կինը, կամ որդին— ո՞վ իմանա։ Նա լարել էր ուժերը. դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միևնույն կորությամբ պահել. այնպես որ դագաղը, մերթ առաջ. մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին։ Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս...— Մի սիրած— դե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին— ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար, այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետր... Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման. — ո՞ւր եմ գնում: