Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/8

Այս էջը հաստատված է

վերջինիս մասին մի շարք ամենաստույգ աղբյուրներ իրենք պարտքն են համարում հայտնել նաև այն, որ նա, այսինքն պ. Մարուքեն, ավարտած է եղել ո՛չ թե Գևորգյան ճեմարանը, ինչպես ասված էր մեր վեպում, այլ — տեղական յոթնամյա քաղաքային դպրոցը, որտեղից և, որքան մեզ հայտնի է, անցել է արտասահման (Բեռլին)։ — Սակայն այս վերջին հանգամանքն է ահա որ այնպես էլ մութ մնաց հեղինակին. մեզ այնպես էլ չհաջողվեց ճշտել, թե եղե՞լ է նա արդյոք Բեռլինում, ինչպես ինքն է ասում, և, եթե այո՝ իրերի ի՞նչ երջանիկ բերումով է, որ նա կարողացել էր նայիրյան այդ— թող ներվի ինձ ասել— բավականին հետամնաց քաղաքից թռչել պատկերավոր ասած— այդքան հեռու։

Այս հանգամանքն է ահա, որ այնպես էլ մութ մնաց մեզ համար ու չպարզաբանված.— և ահա, օգտվելով առիթից, խնդրում ենք բոլոր մեր հայրենակիցներին` եթե նրանք ունեն ստույգ տեղեկություններ հիշյալ կարևորագույն հանգամանքը ճշտող թող բարի լինեն գրել մեզ, հետևյալ հասցեով․—

Երկիր Նայիրի. Եղիշե Յարենցին. —

Մինչ այդ, օգտվելով մեր վեպի երկրորդ հրատարակության ցանկալի առիթից՝ այսու մենք շտապում ենք առաջին հերթին մեր խորին շնորհակալությունները հայտնել մեր բոլոր հիշյալ բարեկամներին՝ ոչ այնքան մեզ, որքան պատմությանը մատուցած նրանց հիշյալ անգնահատելի ծառայությանց համար, — և ապա՝ շտկել բոլոր