Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/80

Այս էջը հաստատված է

նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, Գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջևանում էր նրա հոյակապ բնակարանը, կամ, ասենք, հոգեկան ի՞նչ ալեկոծումներ ունեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս... Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա և երևի չի էլ լինելու և ո՛չ մի «հերոս» — և այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո՛չ թե ես եմ մեղավոր, այլ նայիրյան այդ քաղաքը, որովհետև— ի՞նչ, ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, Գեներալ Ալոշից, կամ Համո Համբարձումովիչից— Մազութի Համոյից... Գուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ, կամ Կինտաուրի Սիմո՞նը կամ, վերջապես— Տելեֆոն Սեթո՞ն... է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, և անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» և, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներ— դժբախտ ու հերոսական օրերի բերումով՝ դժբախտանան ու հերոսանան...

...Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես և ամբողջ Նայիրիի գլխից— և չէ՛ին, չէ՛ին կարող, այո՛, այդ դժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դժբախտ ու հերոսական։ Չէ՛ր կարող, о, ո՛չ այդ դժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած— Նայիրյան Ոգին: