Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը— 1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը— նայիրյան այդ քաղաքում։ Սույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձը— տարիների մշուշից, կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահա և նկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները։ Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ, կամ մի ժամ առաջ կատարված լինի— ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս... Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի— ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը։ Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համրարձումովիչի կայծկլտող աչքերը և սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս, տագնապալից, զարկել է սկսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ։ Եվ երևակայությունս, առաջ վազելով, արդեն նկարում է, անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված... «Խե՜ղճ, խե՜ղճ Համո...» — փսփսում է սիրտս, լացակումած— և ես գրիչս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա, և ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու: