Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/83

Այս էջը հաստատված է

մանավանդ որ, նրա հետ մեկտեղ, պակասում էր նաև ակումբի «երկրորդ հոգին» — ակումբի կենտրոնը— Մազութի Համոն: Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն ոչ.— ակումբը մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ նարիմանովն ուրախ բացագանչեց— «Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին...» — բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը չկար։ Օսեփ Նարիմամովը շվարեց։ Գլխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ։ Նախ՝ դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, Գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել և շարունակել ընդհատված «մակաոն»: Երկրորդ՝ վերջերս Գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա ՎասիլևնայինՇիկահեր Դդումին. իսկ Օլգա Վասիլևնան ի՛րն է, ի՛րը, Օսեփ նարիմանովինը և միևնույն ժամանակ ուրիշ ո՛չ ոքինը չի կարող լինել։ Գեներալ Ալոշը թող այս լավ իմանա, Գեներալ Ալոշը... Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորը— ներս մտավ հևիհև և նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործի— բռնեց, ետևից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թևից և առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս»: — «Խորի՜ն հարգանքներս» — բացագանչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած «Ինչպե՞ս է Օլգա Վասիլևնայի առողջությունը, Արամ Անտոնի՛չ»: Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի