Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/85

Այս էջը հաստատված է

չէ անհանգստության պատճառը, և, լուռ, շարունակեց խաղալ։ Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան Գեներալ Ալոշը և Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն: Ռումբի պես ներս ընկան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը— թափեցին հատակին... Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած։ Իսկ Կինտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել և ավելի մեծ առիթ ուներ բարկանալու— ինքը ևս, անակնկալի եկած, կարծելով, երևի, որ հարբած են «տղերքը» — վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, և բացագանչեց, հիմարացած. — Ուռռա՜. ուռա՜ա՜, ուռա՜ա՜ա՜...

— Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա, — զայրացած բացագանչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով. — Ի՞նչ է պատահել։

Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լռեն, և—

Պատերազմ. — հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն— ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք։

Գեներալ Ալոշը ևս ցանկանում էր ինչ֊որ բան ասել. ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված՝ լռեց ու մնաց։ Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին Գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին։ Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի— Կլուբի մեյմունի դեմքին։ Սերգե Կասպարիչր ձեռքը շրթունքներին տարավ և, մեքենայաբար, ինչպես այդ