Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/89

Այս էջը հաստատված է

նվագում էր «Բոժե ցարյա»: Բոլորը գլխարկները հաներին. երաժշտախումբը լռեց: «Կեցցե՛ մեր սիրելի կայսր Նիկոլա II-ը.—ուռա՜ա՜ա՜» — նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը, և նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձեռքերը թափահարելով, Գեներալ Ալոշը և Մազութի Համոն։ Ապա, բավականին չափ տալուց և բղավելուց հետո, ցած իջան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն։ Եվ ահա, երկու այդ պատկառելի նայիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց և շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը:

Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի և Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով— նրանցում հավաքված նայիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո, կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին և, մինչև թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ։ «է՜ս ի՜նչ ղալաբալըղ է էլի» — հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին։ «Էլի հացը պըտի թանգընա» — պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն և ներս մտավ սրճարանը գլուխն օրորելով։ «Հե՛չ չեմ հասկնա, թե յանի ընչի՞ է էս զուռնա- նաղարեն» — ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետև դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին։ «էլի հացը պըտի թանգընա, էդ գուռնեն է կփչեն» — կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու։ — «Ըբը ի՞նչ պըտի էղնի» —