Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

Թափորը, վերջապես, մոտեցավ գավառապետի բնակարանին։ Երաժշտախումբը նվազեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ։ «Ուռռա՜» բացագանչեց ամբոխը՝ Գեներալ Ալոշի ղեկավարությամբ։ Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ։ Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին։ Նա-նիհար, բարձրահասակ. — բարակ ձեռնափայտ է կարծես՝ ծայրին սոխի գլուխ։ Մի֊երկու վայրկյան նայում է վերևից, պատշգամբից, ներքևում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը։ Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երևի, և ապա— չոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել։ Պատերազմ: Կայսր: Վիլհելմ II: Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գահին: Կեցցե՛: Կորչի՛: Ուռռա՜:

Նորից արձագանքում է ամբոխը, նորից նվագում է երաժշտախումբը «Բոժե ցարյա»: Եվ ահա— նորից դուրս է գալիս... Մազութի Համոն: Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից. փթթում է նայիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ։ Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, նայիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն: Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում։ Ամեն տեղ նա՛ էր, ամեն դժվարին դեպքում նա՛ պիտի, միայն նա՛, սայլը ցեխից հաներ: Այդպես էլ այժմ։ Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն, ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչև վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն Գահի և Հայրենյաց: Գիտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե