Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/93

Այս էջը հաստատված է

առևտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ — կիրակնօրյա ներելի հանաքներ. անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է. թույլ տվեք զբաղվենք հոգսերով։ Իհարկե, խոսում էին մեկ֊մեկ և պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մասին։ Այդպես էր — առաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ նայիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամե՛ն ինչում — և նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը և Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն։ Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ.Մարուքեն զգաց նայիրյան այդ քաղաքում և այն էլ հենց երկրորդ օրը է երկուշաբթի առավոտ — և ահա՝ թե ոնց:

Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ․ Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, և ո՛չ մի սովորություն) — վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ և, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքեն — վարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթև սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար՝ հարցրեց. «էրեկ էդ ի՞նչ էր. պ. Մարուքե.