Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/94

Այս էջը հաստատված է

տեսա՞ր Մազութի Համոյին... Օձի՛ պես կխոսեր անիծածը»: Պ. Մարուքեն չպատասխանեց։ Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել: Երեկոյան յոթից մինչև գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անտոնիչի, Կինտաուրի Սիմոնի և էլի սատանան գիտե, թե ում հետ («շեֆերը» չկային. նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը, և այդ ճաշը, անհասկանալի պատճառով, տևել էր մինչև գիշերվա տասնմեկը...)։ Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե. պ. Մարուքեն թքե՛լ էլ չէր ուզի նրանց ճաշի վրա, պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը, գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադե՛րը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար և չէր կարողացել վճարել, որովհետև չէր ունեցել մոտը։ Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «նիսիա» խաղալ, բայց ավելի ևս դեմ էր դրան Արամ Անտոնիչը. բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուն— երկու հարյուր ռուբլի։ «Ցորղանիդ չափը գիտենա՞ս» — ասել էր։ բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի։ «Ներողություն, վաղը կվճարեմ» պատասխանել էր պ. Մարուքեն քաղաքավարի և շտապ դուրս էր եկել ակումբից՝ ետևից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը և Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի մեյմունի ստրկական