Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/96

Այս էջը հաստատված է

որքան որ կարող էր, պ․ Մարուքեի դեմքին․ սահում էր — թավ, թեթև քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար։ Լուռ էր, տոթ ու հանգիստ․ լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունը — ու գոլ, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին։ Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նման — գույնզգույն թղթադրամներ…

Դուռը բացվեց և ներս ընկավ — մանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփում — Հաջի Մանուկոֆ էֆենդին։ «—Հը՛, բարի լո՜ւյս, էֆենդի աղաներս, բարաջողո՞ւմ» — ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին. — «Գործդ աղեկ է, Վասի՛լ, վով չգա-չգա — պ. Մարուքեն հոս է ու հոս…»:

«Համեցե՛ք նստի, էս է, կվերջացնեմ» — շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը. — «Քեֆերդ տեղը կերևա, փա՜ռք Ալլահին»: — «Ինչո՞ւ չերևա, աղա՛ս», — բացագանչեց Հաջին բարկացած. — «Տղա մըն ալ ավելացավ Հայաստանին, աս անգամ մանչ է, յա՜…»: Հերո՛ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկը — Նունուֆար հանըմը — տղա էր բերել:

Հաջի Մանուկոֆ էֆենդու այգ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պ. Մարուքեի ուղեղում. բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ։