Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/98

Այս էջը հաստատված է

սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո՛չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում և այն էլ շաբաթ օրերը.— նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը, «Պերպերի լեզուբաղանիքի դուռ»— մտածում էր Հաջին, և նա, իհարկե, իրավունք ուներ։ Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին։ Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել։ Մտածում էր, նրա ետևից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարը— փրկված կլինի. հակառակ դեպքում... Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում:

Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելու— գլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին. ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն։ — «Յավա՛շ, է, յավրում, ի՞նչ էղավ քեզի» — բացագանչեց Հաջին, բարկացած. ապա. — «Գնա՛ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս. ես ժամանակ չունիմ, ներող կըլլաս» — ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, դուռը բաց արավ արագ, մտավ— և դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին։

Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա։ «Թո՛ւ» — թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին։ Եվ քայլեց... ո՞ւր։ Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի։ Կպատմե, ծաղրելով, կպատմե երևի իր բոլոր ծանոթներին