Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

բանաստեղծությունն է5, մի ինտելիգենցիայի (իմա՝ վարժապետների, ուսանողների, կուրսիստկաների6 և այլն), որը դեռ նոր է նահապետական քայքայվող գյուղից մեծ քաղաքներն ընկել, ուր իրեն անծանոթ և անհարազատ ուժերի բախման ահռելի խառնարանում նա զգում է իրեն շշմած ու գլուխը կորցրած՝ հոգեկան մի կացություն, որ Վահան Տերյանը արտահայտել է շատ ցայտուն կերպով։

Գերի է նավս անակնկալին…
Մութով կտրված երկնից ու հողից։
Իր թելն է մանում անխուսափելին…7


«Անխուսափելին» ճիշտ որ իր ցանցն էր կռում ոչ միայն քաղքենի ինտելիգենտների, այլև դրանցից ավելի ահռելի ուժերի հանդեպ—բայց այդ «անխուսափելին» անհասկանալի էր նրան իր կոնկրետ խառնվածքով, դա միստիկական անիմանալի ուժ չէր, այլ այսօրվա հաղթական պրոլետարիատի պոտենցիալ կարողությունը, որ դեռ նոր էր սկսել իր ստատիկ վիճակից անցնել դինամիկ դրության, ի՞նչպես այս բոլորը հասկանար քաղքենի ինտելիգենտը, հայ ունևոր գյուղացու քաղքենի զավակը, որը դեռ երեկ իր հայրենի գյուղում, Արփաչայի ծանծաղուտ ափերին սիրում էր «մախմուր Զարոյին»8, լսում էր նրա «Ալագյազի մանիները» և իր նահապետական հոգու միամիտ աչքերով տեսնում էր «Ալագյազի փերիներին» ու փայփայում էր նրանց իր մանկական երազներում։ Բայց այն օրից, երբ երկաթուղու առաջին սուլոցը փախցրեց վերոհիշյալ փերիներին Ալագյազի լանջերից և Մանթաշի դրախտային հովիտներից—պարզ ասած՝ երբ արշավող (մեր երկրում բավականին դանդաղ, բայց և այնպես արշավող) կապիտալիզմի հուժկու հարվածների ներքո քայքայվել սկսվեց նահապետական