Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/116

Այս էջը սրբագրված է

ՊՐԻԳՈԻՆՆԵՐԻ ԳՅՈԻՂՈԻՄ

(Տպավորություններ)

Մի շաբաթ առաջ ընկ. Արամ Շահգյալդյանն2 ինձ առաջարկեց շրջան գնալ՝ այն տեսնելու և նկարագրելու նպատակով: Ես սիրով ընդունեցի առաջարկը, բայց ոչ թե զուտ գրական, պրոֆեսիոնալ նկատառումներով, այլ մեր նոր կենցաղը տեսնելու, զգալու և հասկանալու ցանկությամբ: Իմ ցանկությունն էր տեսնել մեր նոր կենցաղը և զբաղվել նրանով,—և այդ այդպես էլ կլիներ, եթե չպատահեր մի փոքրիկ թյուրիմացություն, պարզ ասած՝ եթե ընկ. Շահգյալդյանն ինձ անակնկալի չբերեր: Բանն այն է, որ նա նախապես ինձ չհայտնեց, թե ո՞ր գյուղն ենք գնում և հատկապես ի՞նչ նպատակով ենք գնում։ Եվ ապա պատահեց այնպես, որ ես, մեր նոր գյուղն ընկնելու փոխարեն, ինձ համար միանգամայն անսպասելի կերպով ընկ… միջնադարյան մի ժողովարան, ուր մարդիկ օրը ցերեկով, կամ երեկոյան ժամի 8-ից մինչև առավոտյան 3-ը զբաղվում են այնպիսի բաներով, որ ինձ հիշեցրին Ստանիսլավ Պշիբիշևսկու «Սատանի սինագոգը»3 կոչվող դեկադենտական ֆանտասմագորիան… Եվ այդ «սինագոգն» ընկնելուց հետո էր միայն, որ ես իմացա մեր գալու բուն նպատակը,— ընկ. Շահգյալդյանը Սուխոյ-ֆանտան4 էր եկել և ինձ էլ հետը բերել—հատկապես պրիգունների կրոնական շարժումն ուսումնասիրելու նպատակով:

Հարցին 5—6 օրում, որքան հնարավոր էր, ծանոթանալուց հետո՝ մենք պայմանավորվեցինք, որ ես կտամ մեր տեսածի նկարագրությունը, իսկ ընկ. Շահգյալդյանը կզբաղվի պրիգունների պատմությամբ և ներկայիս կրոնական շարժման սոցիալ-տնտեսական պատճառների պարզաբանումով։ Այնպես որ իմ