Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

ինձ համար այդ պատը ամեն ինչ էր, ամեն բանից բարձր…

Նորից Հանգուցյալ Պարոնը լռեց։ Ու նայեց մի կողմ, ոչ աչքերիս, կարծես ամաչում է իր այդքան բարձր զգացմունքի անհուն կուսությունից:

— Հասկանում եմ,— ասացի ես կամացուկ, ազդվելով Հանգուցյալի ամոթխածությունից.—բայց ի՞նչն է Ձեզ խանգարում վերադառնալ Երևան, երբ, մանավանդ, այդքան մեծ է Ձեր հայրենասիրական կարոտը…

Խոստովանում եմ, որ այնքան էլ տրամաբանություն չկար այս խոսքերիս մեջ, բայց ես, ազդվելով, ինչպես ասացի. Պարոնի ամոթխածությունից, մի վայրկյան կարծես մոռացա մորս հիշյալ խորհուրդները և Հանգուցյալ Պարոնի կնոջ հիշյալ նախազգուշացումը, որին քիչ առաջ, ինչպես գիտեք, ես էլ հավանություն էի տվել։ Բայց, ինչպես երևաց, Հանգուցյալ Պարոնը հենց դրան էր սպասում։

— Ո՞նց,— բացագանչեց նա՝ զարմանքից ապշած,— թե ով է խանգարում… Խանգարում եք դուք, պ. Չարենց, խանգարում է ձեր իշխանությունը: Եվ հետո՝ ի՞նչպես, ասացեք խնդրեմ, ես կարող եմ ոտ կոխել Երևան, քանի դեռ գոյություն ունի ձեր իշխանությունը, և քանի ես չեմ դրժել իմ սրբազան երդումը՝ չապրել երկու իշխանության ներքո՝ մեկը—տաճկական, մյուսը—բոլշևիկական…

— Բայց Դուք ի՞նչ իշխանության ներքո եք բարեհաճում ապրել հիմա,— հարցրի ես, չգիտեմ ինչո՛ւ, և ավելացրի, հիշելով Պարոնի հանգուցյալ լինելու հանգամանքը.— երևի երկնայի՞ն…

— Ո՛չ,— բացագանչեց Պարոնը,— եգիպտական…

— Այսինքն անգլիակա՞ն,— վրա բերեցի՝ հիշելով Հանգուցյալի անդրաշխարհը:— Պարոնը զայրացավ։ —