Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/148

Այս էջը սրբագրված է

— Այո, Ռուսական նացիոնալ։— Եվ ձեզ հայտնի է արդյոք, որ Իոանն Կալիտայից10 սկսած մինչև Լենին ու Չերնով11, որ վաղը պիտի գա...

— Չերնո՞վը...

— Այո, այո, մինչև Չերնովը, որ վաղը պիտի գա—ռուսական բոլո՛ր այդ իշխանավորները զբաղվել են և զբաղվելու են ոչ այլ ինչով, քան ոուս հողը հավաքելով...

— Տատիս պատմությունները...

Ես կարծում էի, որ իմ միջանկյալ բացագանչությունը պիտի կատաղության հասցնի Պարոն Հանգուցյալին, բայց, ի մեծ զարմանք, իմ այգ բացագանչությունը լսելուն պես հանկարծ, ինչպես ասում են՝ «քրթ» կտրեց իր ատենախոսությունը Հանգուցյալ Պարոնը և նայեց ինձ այնպիսի մի հեգնախառն ու ներող աչքերով, որ ես կրկին հիշեցի մորս աֆորիզմը մեռելների խեղճության ու յուրօրինակ ագրեսիվության մասին։ Եվ կրկին, նայելով նրա դեմքին, ինձ թվաց, որ երևութային մշուշ է միայն նրա դեմքին ձգված դեղնակապույտ կաշին։ Սակայն Պարոնը հեգնախառն շարունակեց.—

— Իհարկե, Դուք համոզված եք, պ. Չարենց, որ եթե Եգիպտոսի արաբներին անգլիական «արյունարբու իմպերիալիզմի» փոխարեն առաջարկվեր ընդունել ռուսական «Կարմիր Ինտերնացիոնալի» «բանվորա-գյուղացիական դիկտատուրան» — բոլոր արաբներն իսկույն վրա կպրծնեին, առաջին հերթին, իհարկե, արաբ «բանվորներն ու գյուղացիները» — այս բոլորն, իհարկե, չակերտավոր... բայց Դուք սխալվում եք, պ. Չարենց, և դա՜ռ-նա՜-պե՜ս սխալվում։ Եվ այս սխալը, անձնապես Ձեզ համար, առաջ է գալիս նրանից, որ Դուք չեք պատկերացնում, թե ի՜նչ բարիք է եգիպտական գրաստանման ֆելլահի համար անգլիական լուսավոր, այո՝ լուսավոր իմպերիալիզմը...