Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

— Չեմ կարծում ,— այլևս չկարողանալով ինձ զրսպել ասացի ես,— որ այդ «լուսավոր իմպերիալիզմը» ավելի մեծ բարիք լինի եգիպտական ֆելլահի համար, քան վերջինիս «դրաստությունը» անգլիական «լուսավոր» իմպերիալիզմի համար... Եվ, ընդհանրապես, ասացեք խնդրեմ, պարո՛ն, եթե Դուք այդքան բարձր կարծիք ունեք անգլիական, լուսավոր իմպերիալիզմի մասին — էլ ինչո՞ւ եք վիրավորվում, երբ ձեզ անվանում են այդ լուսավոր իմպերիալիզմի գործակալներ...

Ես դեռ չէի վերջացրել, երբ պատահեց հանկարծ ինձ համար միանգամայն անսպասելի և իր այդ անսպասելիությամբ համարյա միստիկական վախ ազդող մի բան: Բանն այն է, որ ես, ինչպես ասացի, դեռ չէի վերջացրել նախադասությունս, երբ հանկարծ Հանգուցյալ Պարոնը բռնեց թևս և — երևակայում եք — քահ-քահ, ինչպես կենդանի մարդիկ են ծիծաղում, ծիծաղեց... Ամեն բան ես կարող էի սպասել Հանգուցյաք Պարոնից. բացի ծիծաղելը, ահռելի է, երբ մեռելը ծիծաղում է կենդանի մարդու վրա... Քստմնելի։ Երկար երևի տևեր իմ այդ քստմնելի զգացմունքը, բայց Հանգուցյալ Պարոնը վրա բերեց.—

— Հա՜ հա՜ հա ,— ո“վ ասաց ձեզ, որ վիրավորվում ենք. ինչու Դո՜ւք, Դո՜ւք չեք վիրավորվում, որ բոլշեվիկյան արյունարբու բռնակալության ագենտ եք — և այդ չգիաեք...

Հանգուցյալ Պարոնը կրկին քրքջաց։ Երևում էր, որ ուզում է մի բան ասել, բայց չասաց և հանկարծ փոխեց զրույցի ուղղությունր,—

— Ասացեք խնդրեմ... Ինձ շա՜տ, չափազանց շատ հետաքրքրում է Հայաստանի շինարարությունը... Ասացեք խնդրեմ... — Ի՜նչ փողոցներ են նորոգվել Երևանում...