Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/151

Այս էջը սրբագրված է

հարկավոր է բոլշևիկ չլինել։ Թողեք Ձեր հիմար դասակարգային թեորիան, պ. Չարենց, և մանավանդ՝ Ձեր սոցիալիզմը։ Դաշնակցության համար սոցիալիզմ-մոցիալիզմ չկա. սա մի այնպիսի կոմպակտ զանգված է, որը չի կարող քայքայել և ո՛չ մի ուժ։ Եվ միակ բանը, որ պատճառ դարձավ նրա իշխանության տապալման—այդ այն է, որ նա միշտ էլ զուրկ է եղել իշխանության տենչից։

— Չնայած այն հանգամանքին,— ավելացրի ես ինքնաբերաբար,— որ այդ եղկ իշխանությանը մի վայրկյան ավելի փարված մնալու համար նա չխնայեց Կարսը, Սարիղամիշը և Ալեքսանդրապոլը…

Չնայած կարծելուս, որ նա պիտի հուզվի իմ այս խոսքերից՝ նա ամենայն լրջությամբ ասաց.—

— Այդպես կվարվեր ամեն մի կուսակցություն, որ պետության գլուխն է կանգնած։ Դուք էլ լինեիք՝ չէիք հեռանա։ Եվ եթե մենք հեռացանք 920-ին — պատճառը Դաշնակցության իշխանության տենչից զուրկ լինելու հանգամանքն էր միայն…

— Ուրիշ բան, կարծեմ չէր էլ մնում անել, երբ, ինչպես ասում են, «դանակը ոսկորին էր հասել», այսինքն բոլշևիկյան դանակը…

Այստեղ նորից, ինչպես քիչ առաջ, քահ-քահ խնդաց Հանգուցյալ Պարոնը և ավելացրեց, սակայն ամենայն լրջությամբ.—

— Մի՞թե գաղտնիք է Ձեզ համար, որ հոժարակամ հանձնեցինք իշխանությունը ժողովրդին փրկելու նպատակով։ Եվ մենք փրկեցինք ժողովուրդը՝ հեռանալով իշխանությունից։

— Ուրեմն ընդունում եք, որ ժողովուրդը փրկելու համար՝ առաջին հերթին հարկավոր էր ձեզ հեռացնել իշխանությունից…