Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/152

Այս էջը սրբագրված է

— Ո՞նց թե հեռացնել. մենք ինքներս հեռացանք,— զարմացած բացականչեց Հանգուցյալ Պարոնը — և տիրեց լռություն: Հետո նա կրկին փոխեց խոսակցության ընթացքը.-

— Է, թողնենք այդ զրույցները, պ. Չարենց. պատմեցեք Հայաստանի շինարարության մասին...

— Ոայց չէ՞ որ Դուք չեք հավատում մեր ստեղծագործ կարողությանը, ավելորդ չէ՞ արդյոք...

Եվ այստեղ էր ահա, որ մեր զրույցը հասավ իր, ինչպես ասում են, կուլմինացիոն կետին, և Հանգուցյալ Պարոնը հայտնեց իր ամենավերջին միտքը` իր մեռելային փիլիսոփայության ամենահանճարեղ աֆորիզմը, որով երևան հանեց իր այնքան սրբազան «հայրենասիրական բաղձանքի» իսկական աստառը: —

— Գիտե՞ք ինչ, ասաց նա` ամենայն լրջությամբ աչքերիս նայելով,— մենք ընդհանրապես այն համոզմունքն ունենք, որ ինչ որ շինում եք դուք երկրում` շինում եք մեզ համար: Այնպես որ որքան շատ — այնքան լավ:

— Դուք այդքան... համոզվա՞ծ եք դրանում:

— Այո։ Ոչ մի կասկած։

— Իսկ ե՞րբ եք մտադիր «երկիր մտնելու» և տիրանալու բոլշևիկյան ստեղծագործության ձեզ համար այնքան արգահատելի գանձերին...

— Երկու տարի հետո։ Այո։ Երկու տարի։

— Գուցե ավելի շո՞ւտ, պարոն. և ինչո՞ւ այդքան ուշ։

Եվ... կդիմանա՞ք արդյոք։ Ինչպես երևում է` քաղցած եք և մեծ ախորժակ ունեք ուտելու... գուցե կաֆե՞ գնանք...

— Իսկ Հայաստանում , կա՞ն... կաֆեներ,— մտքի տարօրինակ, բայց, կարծում եմ, միանգամայն բնական