Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/154

Այս էջը սրբագրված է

շուտով Երևանում...բայց հույսս չեմ կորցնում։ Երկու տարի հետո...

 — Երանի հավատացյալներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը,— ասացի ես, նամակը վերցնելով և սեղմելով Հանգուցյալ Պարոնի ձեռքը։ Հաջորդ վայրկյանին, երբ ես նամակը խոթեցի ծոցագրպանս և նայեցի շուրջս — Հանգուցյալ Պարոնը չկար։
 Երազից արթնացածի նման շուրջս նայեցի.— ես նստած էի Հռոմի հայտնի թանգարաններից մեկի մուտքի մոտ՝ մարմարե աստիճանների վրա։ Ինչպես երևում է՝ խոսելով դուրս էինք եկել թանգարանից և նստել մուտքի աստիճաններին։ 
 Հանգուցյալ Պարոնը չկար։ Ես ձեռքս ծոցագրպանս տարա, հանեցի նրա նամակը և կարդացի հասցեն։ Եթե այդ նամակը չլիներ՝ ես դժվար թե հավատայի նրա գոյությանը։ Հիշեցի նրա վերջին խոսքերը և ասացի ինքս ինձ՝ միևնույն ժամանակ դիմելով մորս թանկագին ստվերին.— 
 — Մեռելը կարոտել է կենդանի մնացածներին և մեռելն ուզում է ուտել: Զարմանալի ախորժակ ունեն այդ մեռելները... Եվ բնավ զարմանալի չէ, սիրելի մայրիկ, որ նրանք բորենիներ են դառնում և գիշերները հարձակվում են երեխաների վրա ... Միայն քո սխալը նրանում էր, մայրիկ, որ դու վախենում էիր այգ մեռելներիդ. հավատացնում եմ քեզ, որ կարիք չկա վախենալու։ Թե չես հավատում,— հարցրու մեր կոմսոմոլիստներից...
 Եվ ես զվարթացած քայլեցի կաֆե' մի բաժակ գարեջուր խմելու։