Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

ունի մի երկրորդ գիծ ևս, որի ներկայացուցիչն է Հով. Թումանյանը։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ մեզ միշտ թվացել է, որ Հ. Թումանյանի ստեղծագործության ոգին մինչև օրս էլ ապրում է հայ բանաստեղծության մեջ, — որ բացի Վ. Տերյանի գրական «դպրոցից» կա մի ուրիշը ևս, որն ա՛յլ է իր բովանդակությամբ և ստեղծագործական ձևերով։ Բայց երբ մի քիչ մոտիկից ենք նայում խնդրին — այդ տրադիցիոն կարծիքը տեղի է տալիս, և մենք տեսնում ենք, որ Վ. Տերյանի գրական ուղղության կողքին վերջին տասնամյակի մեր բանաստեղծությունը չի ունեցել ուրիշ որևէ ուղղություն։ Այստեղ մեզ Հ․ Թումանյանը զբաղեցնում է այն չափով, ինչ չափով որ նա առնչություն է ունեցել վերջին տասնամյակի բանաստեղծության հետ — և մենք հարկադրված ենք ասել, որ այդ առնչությունը արտահայտվել է միմիայն իրա, Հ. Թումանյանի, ստեղծագործությամբ։ Այն պարզ հանգամանքը, որ Հ. Թումանյանը շարունակում է ստեղծագործել մինչև օրս—զգալ է տալիս նրա ներկայությունը մեր բանաստեղծության մեջ, բայց այդ «ներկայություն» մեր կարծիքով ունի—և վերջին տասնամյակում ունեցել է — միմիայն արտաքին, եթե կարելի է այսպես ասել «ֆիզիկական» նշանակություն։ Իր ստեղծագործության բովանդակությամբ նա վաղուց է հեռացել մեզանից, դարձել անցյալի սեփականություն — և ահա թե ինչո՞ւ։

Հ․ Թումանյանը երգիչն է մեր նահապետական գյուղի, այդ գյուղի քնարերգուն, կենցաղագիրը և գաղափարախոսը։ Նա ինքը գյուղացի է ոտից-գլուխ, նահապետական գյուղի զավակ, որ դուրս է եկել իր հայրենի գյուղից այն ժամանակ, երբ դեռ երկաթուղին չէր անհանգստացնում Լոռու դյուցազնական բնության նահապետական նիրհը, — և այն օրվանից մինչև հիմա մնացել