Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/17

Այս էջը հաստատված է

է նույն նահապետական գյուղի հարազատ զավակը. 70—80-ական թվականների լոռեցին՝ նահապետական գյուղի բոլոր սովորություններն ու հասկացողությունները պինդ պահած իր հոգու հնամյա ծալքերում։ Նա գոց գիտե իր հայրենի գյուղի բոլոր հեքիաթներն ու երգերը, կենցաղն ու սովորությունները — այնպես, ինչպես նա լսել և տեսել է այդ ամենը 50 տարի առաջ, մանկության օրերին։ Քաղաքը զարմանալի կերպով չի ազդել նրա հոգեբանության վրա, չնայած որ նա երկար տարիներ ապրել է Թիֆլիսում։

Քաղաքում նստած՝ նա միշտ երազել է գյուղը, էլեկտրաքարշով փողոցից-փողոց գնալիս օրորել է հոգում հայրենի գյուղի հեռու պատկերները—և ապա էլեկտրական լամպի սառը լույսի ներքո գրել է հին, երազ դարձած գյուղի կենցաղի ու նախապաշարմունքների մասին զարմանալի գեղեցիկ պոեմներ ու երգեր։

Կյանքը զարգացել է նրա շուրջը սրընթաց տեմպով, իսկ նա մնացել է նույնը, միշտ նույնը, հավիտյան նույնը՝ նահապետական գյուղի մթին խուցից ելած նույն գեղջուկ լոռեցին։ Սրանում է ահա Հ. Թումանյանի եզակիության գաղտնիքը, այստեղից է բխում այն հանգամանքը, որ նա ազդեցության չի ունեցել վերջին տարիների հայ բանաստեղծության վրա։ Այդ բանաստեղծությունը, լինելով գերազանցորեն քաղաքի մթնոլորտում առաջացած տրամադրությունների արտահայտիչը, բնականորեն պիտի որ զարգանար Հով. Թումանյանի ստեղծագործության շվաքից դուրս, այդ տրամադրությունների ամենալավ քնարերգուի ցույց տված ուղիով—Տերյանի «գծով»։

Հով. Թումանյանի ստեղծագործությունը իր նահապետական հոգեբանությամբ ոտից-գլուխ մի կենդանի անախրոնիզմ է եղել վերջին տասնամյակի ընթացքում,—