Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

րախոսական գիծը, մյուս կողմից ձգտելով չխախտել դրանց գեղարվեստական ամբողջականությունը։Իհարկե, այս պոեմներից շատերը միանգամայն այլ կերպ կգրվեին, եթե գրվեին այժմ,— բայց ես նպատակահարմար չհամարեցի ենթարկել դրանց ավելի արմատական փոփոխությունների, ի նկատի ունենալով, որ դրանք, այսպես թե այնպես, արդյունք են որոշ էպոխայի և, որպես այդպիսիք՝ կրում են իրենց վրա այն օրերի անմիջականությունը, կենդանի շունչը։

Նվիրելով իմ պոեմների ներկա ժողովածուն Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տասնամյակին՝ չունենալով այլ բան նվիրելու, ես ինձ մխիթարում եմ այն զգացմունքով, որ սա այն լավագույնն է, ինչ կարող է նվիրել Համաշխարհային պրոլետարական հեղափոխությանը որևէ պոետ։

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ

Ռեպորտյորն ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ ես զգում Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակի առթիվ։Հարցրեց այնպես, ինչպես սովորաբար հարցնում են մարդու տրամադրությունը յուրաքանչյուր առավոտ հանդիպելիս: Կարծես դա, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակը, մի սովորական բան է, որ կրկնվում է յուրաքանչյուր օր և որի հանդեպ կարելի է անմիջապես հայտնել մեր «տրամադրությունը»...

Ես չկարողացա անմիջապես պատասխանել այդ, կարծես հասարակ, բայց էապես շշմեցնող հարցին։ Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակ... Մի՞թե տասը տարի է արդեն... Դե արի ու ասա, թե ինչ ես