Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

բացատրել Տերյանի աշակերտների ինքնատիպ չլինելը (որ առաջին պայմանն է միջակությունից բարձրանալու)։ — Ո՛չ: Նրանց մեջ կան շատ ընդունակ մարդիկ (Արմ․ Տիգրանյան17, Արտ. Տեր-Մարտիրոսյան18, Անուրջ19 և այլն)։ — Բայց խնդիրը նրանումն է, որ ինչպես ինքը Տերյանը, այնպես էլ նրա աշակերտները իրենց ներշնչումներն ստանում էին մի այնպիսի հասարակական խավի կենցաղից, որ մահամերձ էր արդեն և որպես տրամադրությունների աղբյուր—արդեն ցամաքած։ Այստեղից է բխում և այն հանգամանքը, որ Տերյանը մինչև վերջ կրկնում էր իրան, անվերջ ու անվերջ գործածում էր միևնույն գոյականներն ու ածականները («տխրություն», «թախիծ», «անուշ», «քաղցր» և այլն)։ Գյուղից դեռ երեկ քաղաք եկած մանր ունևորի քաղքենի զավակի հոգեկան մթերանոցը շատ էր ողորմելի, որպեսզի ներշնչման անսպառ աղբյուր հանդիսանար և համապատասխան ձևեր ստեղծեր բանաստեղծության ասպարեզում (ինչպես և ամեն մի ուրիշում)—որովհետև այդ մթերանոցը զուրկ էր տնտեսական դասակարգային կենսունակ բազայից, որից կարողանար միշտ թարմ ու նորոգող հյութեր ստանալ, կազդուրվել և աճել:

Ահա այս էր ամենամեծ պատճառը, որ 10 տարվա երկունքից հետո Վ. Տերյանի գրական «դպրոցը» ծնեց մի կիսամեռ վիժուկ, մի անդրաշխարհային չորրորդ աստիճանի հոտենտոտ, որն այսօր ուզած չուզած տեղի պիտի տար հեղափոխության ձեռքով ասպարեզ նետված նոր և թարմ ուժերին: Այդ ուժերին է ահա, որ մենք պարտավոր ենք ասել նրանց ապագա աշխատանքի կոչումը բնորոշող մեր խոսքը՝ թե ի՜նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը: