Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/192

Այս էջը սրբագրված է

անիմաստ է դրանց այն պապենական բեմադրությունը, որ հրամցվում է մեզ տասնյակ տարիներ ի վեր։ Մենք չենք ժխտում դրանց բեմադրության կարևորությունը և այժմ, սակայն կարծում ենք, որ ներկայումս այդ պիեսները պետք է բեմադրվեն սոցիալական այլ առումով, մոտավորապես այնպես, ինչպես բեմադրում է Մեյերխոլդը Օստրովսկու պիեսները1։ Մեր խոսքը ոչ թե բեմական ֆոկուսների մասին է, այլ պիեսի սոցիալական տրակտովկայի: Նույն «Նամուսը» կարելի է այնպես բեմադրել, որ նրա մեջ արտացոլված մեշչանական ռոմանտիզմը, «Նամուսի» շուրջը ստեղծված մեշչանական «անլուծելի ողբերգությունը» ներկայիս հանդիսականին պատկերանա սնամեջ ու ծաղրելի, որպես հին օրենքի նախապաշարմունք։ Սա մեր թատրոնի առաջ գրված հերթական ամենահրատապ խնդիրներից մեկն է, և այս ասպարեզում դեռ շատ անելիքներ ունի ոչ միայն Բաքվի պետհայդրաման, այլև ժամանակակից հայ թատրոնն` ընդհանրապես։

Ռեպերտուարի թարգմանական պիեսներից երկուսր («Շտորմ-Շտիլ» և «Նարկոմի եղբայրը») միանգամայն ժամանակակից պիեսներ են և հանձնարարելի ռայոնների համար։ Մանավանդ առաջինը, որ Բիլ-Բելոցերկովսկու երկու համանուն պիեսների միացումն է, որի առաջին մասում պատկերված I, ռազմական կոմունիզմի հերոսական շրջանը, երկրորդում` ՆէՊ-ի։ Երկրորդ պիեսը («Նարկոմի եղբայրը») խորհրդային «Ռևիզորը» լինելու հավակնությամբ գրված, սակայն իր հանճարեղ նախատիպից անսահմանորեն ծանծաղ մի գործ է, որի գրական կողմը պետք է համարել հեղինակի իդեոլոգիապես ճիշտ մոտեցումը իր այն հիմնական խնդրին, թե ինչո՞ւ խորհրդային հասարակարգում անհնարին են խլեստակովներ։ Գավառական ակտիվի ներկայացուցիչները,