Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/204

Այս էջը սրբագրված է

օրըստօրե աճումն այն ժամանակ զգում էր յուրաքանչյուր ոք, ով իրեն կապված էր զգում պրոլետարական հեղափոխության հետ. այդ թեմային է նվիրված իմ «Ողջակիզվող կրակ» ամբողջ շարքը։ —

Եվ հողմերը կճչան ու կշաչեն,
Եվ զենքերը մեր զվարթ կշառաչեն,
Որ հառնե քո երազանքը լուսաճեմ։

Ու հրում մեր, հողմերում մեր երազի
Կկորչեն քո դահիճները անբասիր,
Ոսոխները, ոսոխները քո զազիր։

Եվ նրանք, որ թքեցին քո երեսին
Պետք է մահը ու դժոխքը երազեն
Գայլերի ու ցիների հետ միասին։

Եվ նրանք, որ լրբացել են էլ հիմա
Անկումից քո, խարխափից քո ակամա—
Գտնելու են միայն մեգ ու միայն մահ։


Կույրերի համար անգամ հասկանալի է, որ Մայիսյան ապստամբությունից հետո, հեղափոխության «ակամա անկումից», «ակամա խարխափումից» հետո «լրբացողները» ոչ այլ ոք էին, քան դաշնակցականները, որոնք հեղինակի կարծիքով գտնելու են «միայն մեգ ու միայն մահ»:

Կհառնես դու, հրասիրտ ու հրավարս,
Կվառվես դու խնդասիրտ ու կխնդաս,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս:


Երևի այդ մարդիկ հերյուրում են, թե հեղինակն այստեղ խոսում է... Դաշնակցության մասին, որը պիտի իբր թե հեղինակի կարծիքով «հառնե հրասիրտ ու հրավարս»!...