Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված է

տեսակետից և դ) նյութի ամբողջ շարքը (ցիկլը) որոշ գաղափար տա հայ գրականության զարգացման որոշ էտապի մասին։ Պարզ է, որ այս վերջին կետի մասին VI խմբակին տրվելու են միմիայն համառոտ, ոչ սիստեմատիկ, ընդհանուր տեղեկություններ` գրականության զարգացման սիստեմատիկ դասընթացը թողնելով ավելի բարձր դասարաններին, իսկ լիակատար դասընթացը բարձրագույն դպրոցին:

Նյութի ընտրության ժամանակ առանձնապես ուշադրություն է դարձված այն հանգամանքի վրա, որպեսզի առանձին հեղինակներից չվերցվեն նյութեր, որոնք թեպետև վերաբերում են գրքի հիմնական թեմաներին, բայց բնորոշ չեն տվյալ հեղինակի համար ընդհանրապես (օրինակ, Ահարոնյանի պատմվածքները բանվորի կյանքից)3 և կարող են սխալ գաղափար տալ աշակերտին հեղինակների գրական-հասարակական դեմքի մասին:

Երկերի գրական֊հ ասարակական վերլուծությունը դյուրացնելու նպատակով հոդվածների վերջում զետեղված են հարցեր, որոնք դասատուի համար ծառայելու են իբրև թեզիսներ` տվյալ երկը բացատրելիս։ Հարցերի առաջին խումբը վերաբերում է գրվածքների բովանդակությանը, այսինքն հասարակական արժեքին, իսկ երկրորդ խումբը` գեղարվեստական առանձնահատկություններին, ըստ որում այս վերջին խմբի հարցերին պատասխանելիս դասատուն պետք է տա տարրական տեղեկություններ գրական սեռերի, հեղինակների ոճային առանձնահատկությունների, տաղաչափական որոջ կանոնների և լեզվի մասին: Հարցերի երկրորդ խումբը տրված է ցիկլերի վերջում. այս հարցերի նպատակն է` անցած նյութերի համեմատության միջոցով հանգել գրական-հասարակական ամփոփումների։