Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/219

Այս էջը սրբագրված է

բայց և ազգային ձևի շարունակական խտացմամբ և բյուրեղացմամբ»։ Լսո՞ւմ եք, ընկ. Չուբար. նախ և առաջ` «պրոլետարական բովանդակության» և նոր ապա «բայց և ազգային ձևի շարունակական խտացմամբ և բյուրեղացմամբ»։ Ինչի՞ վրա է այստեղ շեշտը, ո՞րն է պրիմատը։ Եվ ապա` ինչի՞ մասին է նրա հոդվածի ամբողջ 3-րդ մասը4, եթե ոչ իմ ստեղծագործության բովանդակության, ուր նա, խոսելով նախ իմ ստեղծագործության առաջին շրջանի գրվածքների մանրբուրժուական բովանդակության մասին, անցնում է ապա իմ բովանդակությամբ պրոլետարական գրվածքներին։- Էլ ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո ասել, որ Արմենի համար էականը ազգային ձևն է. ո՞ւմ է հարկավոր այս խայտառակ, անբարեխղճության ամեն սահման անցնող ֆալսիֆիկացիան, «ջախջախելու» այս անսկզբունք մոլուցքը։- Բայց գուցե՞ ընկ. Արմենը սխալվում է` ազգային ձևը բնորոշելի՞ս։ «Միջազգային կուլտուրան ոչ այլ ինչ է, եթե ոչ պրոլետարիատի իդեոլոգիան արտահայտող ազգային կուլտուրա», - գրում է ընկ. Արմենը։- Կարելի՞ է արդյոք ավելի հստակ արտահայտել ազգային կուլտուրայի, կամ ազգային ձևով կուլտուրայի բովանդակության խնդիրը: - «Եվ եթե խոսքը վերաբերում է զանազան ազգությունները պրոլետարական կուլտուրային հաղորդակից անելուն, ապա հազիվ թե կարելի է կասկածել, որ այդ հաղորդակից դարձնելն ընթանալու է այդ ազգությունների լեզվին ու կենցաղին համապատասխանող ձևերով»:- Բերելով ընկ. Ստալինի այս լույսի պես հստակ ձևակերպումը, ընկ. Արմենը միանգամայն որոշակի կերպով է դնում ազգային ձևի խնդիրը, իբրև միջոցի. պարզ չէ մի՞թե այս Ձեզ, ընկ. Չուբար։ Բայց Դուք գուցե այնուամենայնիվ կպնդեք, թե այդ մեջբերումը «հեչ», որ նա այդ արել է կոնտրաբանդայի համար,