Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

որ բուրժուազիան կարող է լուծել ազգային խնդիրը։ - Մենք անհողդողդ կողմնակիցներ ենք պրոլետարական գրականության տզզային ձևի, որովհետև բովանդակությունը և ձևը մենք վերցնում ենք դիալեկտիկական միասնությամբ և խորապես համոզված ենք, որ իսկական ազգային կուլտուրա կարող է ստեղծել միմիայն պրոլետարիատը, իսկական ազգային ձև կարող է ունենալ ՄԻՄԻԱՅՆ պրոլետարական բովանդակությունը: Դիալեկտիկական մատերիալիզմից և մատերիալիստական, մարքսիստական արվեստագիտությունից բազմաթիվ մեջբերումներ անելով մենք կարող էինք այստեղ, ավելի մանրամասն խորանալով խնդրի էության մեջ, ցույց տալ, թե ինչպիսի՛ ողորմելի ֆիասկոյով է վերջանում ներկայումս բուրժուազիայի կողմից ազգային ձևով արվեստ և գրականություն ստեղծելու յուրաքանչյուր փորձ, որ այս ասպարեզում բուրժուազիան չի՛ էլ կարող ավելի դենը գնալ ամենահասարակ, ամենամեխանիկական և ամենաողորմելի ռեստավրատորությունից: Այս մասին կարելի է գրել ամբողջ հատորներ, սակայն մենք այստեղ բավականանանք միմիայն այսքանով։ Ձևի և բովանդակության այս դիալեկտիկական ըմբռնումը մի փոքր բարդ է, ընկ. Չուբար, քան քաղգրագիտական տարրական այբուբենը, որն անգամ, ինչպես վերևում տեսանք, դժվար է յուրացվում Ձեր կողմից,- սակայն, այնուամենայնիվ, գոնե Ձեր բարձր պաշտոնի դրդումով, Դուք պարտավոր եք մի փոքր հոգնեցնել Ձեր ուղեղը և տարրական քաղգրագիտությունից թևակոխել մարքս-լենինյան դիալեկտիկայի մի փոքր դժվարին ոլորտները, եթե ոչ, հո չի՞ կարելի անվերջ ընկնել նման անհարմար դրության մեջ և կատարել քաղաքական կոպտագույն սխալներ,- չէ՞ որ դա, վերջապես, կոնֆուզ է ոչ միայն Ձեր պերսոնալի համար, այլև Խ. Գ. Մ. ամբողջ կազմի համար