Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/241

Այս էջը սրբագրված է

ապա թույլ տվեք հիշեցնել, որ Հայկոմկուս ի Կենտկոմը ժամանակին հատուկ բանաձևով ընդունեց «Նոյեմբեր» միության պրոլետարական գրական կազմակերպություն լինելը16, որը մինչև հիմա չի հերքված կուսակցության ոչ մի բանաձևի կամ պաշտոնական դոկումենտի մեջ: Մի՞թե իսկապես ռևանշն այն չէ, որ «Նոյեմբերի» գոյության ժամանակ նրա սպեցիֆիկյան լինելու ռապպյան վերսիան այսօր նորից վերածնվում է մեր թերթի էջերում։

Խոսելով «Նոյեմբերի» մասին, հոդվածագիրը հիշատակում է, որ «հետագայում այդ միությունը լուծվեց Ասոցիացիայի մեջ»։ Սա ոչ միայն փաստերի խայտառակ աղավաղումն է, այլև աղավաղում` ռևանշիստական կարգի: Պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը ոչ թե լուծվեց Ասոցիացիայի մեջ, այլ հատուկ համագումարում միացավ նրա հետ17, որից հետո չմնաց ո՛չ պրոլետգրողների «նոյեմբեր» միություն և ո՛չ էլ Պրոլետգրողների ասոցիացիա, այլ կազմվեց այդ երկուսից` մի երրորդ միություն, որ պաշտոնապես կոչվում էր Հայաստանի Պրոլետգրողների Միություն: Եվ ապա` որքա՜ն տարօրինակ տրամաբանություն, անծանոթ հոդվածագիրը յուրաքանչյուր բառում հերքում է իրեն և դնում իրեն ծիծաղելի դրության մեջ։- Եթե պրոլետգրողների «Նոյեմբեր» միությունը «սպեցիֆիկյան» էր, ապա ինչպե՞ս այդ սպեցիֆիկյան միությունը կարելի էր ընդունել «ինկորպորե»18 պրոլետարական «զտարյո՜ւն», «ուղղափա՜ռ» Ասոցիացիայի մեջ։ Այս ի՜նչ զարմանալի տրամաբանություն է, ընկ. անծանոթ հոդվածագիր։ Կրկնելով այս նեյնիմները, մի՞թե հոդվածագիրն օբյեկտիվորեն չի հանդիսանում ռապպյան ամենամոլեռանդ ռևանշիստ։ Այս մասին թողնում ենք, որ եզրակացություն հանի անաչառ ընթերցողը։