Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/243

Այս էջը սրբագրված է

և ունայն աշխատանքի վրա գործադրել և սպառել մեր ստեղծագործական լավագույն ուժերը։

Վերջում թույլ տվեք երկու խոսք էլ ասել... իմ գրական գործունեության 20-ամյակը19 նշելու մասին, որի շուրջը գրված մի հոդվածի առթիվ է վերջ ի վերջո բարձրացել այս ամբողջ աղմուկը։ Գիտե՞ք ինչ, սիրելի ընկերներ, եկե՛ք չնշենք այդ «հոբելյանը»։ Որովհետև, առաջինը, ներկայումս մենք բոլորս ավելի մեծ և կարևոր գործերով ենք զբաղված, քան այս կամ այն գրողի «հոբելյանն» է:- Երկրորդ` ինչո՞ւ անպայման նշել գրողի գործունեության 20-ամյակը, և ոչ, ասենք, 30-ամյակը, կամ 40-ամյակը։ Բայց, եթե ճիշտը կուզեք, այս երկու արգումենտներն էլ, ինչպես ասում են, «հեչ»։ Այս երկու արգումենտներն էլ ես բերեցի հենց այնպես, քաղաքավարության համար։ Իսկ իմ իսկական արգումենտացիան հետևյալն է։ —

Յուրաքանչյուր «հոբելյան» ոչ այլ ինչ է, եթե ոչ հարգանքի և վստահության արտահայտություն դեպի տվյալ անձնավորության ո՛չ միայն անցյալ վաստակները, այլև ներկա և ապագա: Ուրեմն, այս ամբողջից հետո, էլ ավելորդ չէ՞ խոսել անգամ այդ մասին։ Ավելի լավ չէ` գրական ղեկավարություն ստանձնած ընկերների կողմից մի «փոքր» ավելի զգույշ, ավելի պատասխանատու, ավելի հարգալից վերաբերմունք դեպի խորհըրդային գրողը,- քան մի «մեծ» «հոբելյան»` առանց այդ վերաբերմունքի...

Սրանով թույլ տվեք վերջացնել իմ բաց նամակը։

ՌԵԶՅՈԻՄԵ

I. Խոսելով Հովհ. Թումանյանի լեզվի մասին, մենք մեր այսօրվա թեմայից դուրս ենք համարում նրան, ընդհանրապես իբրև պոետի, արժեքավորելու խնդիրը։