Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/26

Այս էջը հաստատված է

Այսպես մի «հարմար առիթ» էր և մեր «Երեքի դեկլարացիան», որ առաջին անգամից գլխովին շշմեցրեց մեր «ապադասակարգայիններին»։ Առհասարակ ամեն մի մեռնող օրգանիզմի մեջ ուժեղանում է ինքնապաշտպանության բնազդը, և այս բնազդն էր ահա, որ զգալ տվեց նրանց, որ մեր դեկլարացիան ամենից առաջ նրանց դեմ է ուղղված և հարմար դեպքում կարող է ոտնատակ անել նրանց, քշել ասպարեզից, կտրել հացից ու ջրից։ Եվ պետք է ասել, որ այդ իմաստուն բնազդը նրանց չխաբեց։

Այո, մեր դեկլարացիան մահվան գույժն է ամենից առաջ այդ ինտելիգենտների, նրանց «ապադասակարգային» նեխած ատամներին հակադրած մեր դասակարգային երկաթե ատամը։ Այդ նրանք լավ են հասկանում և բնականորեն պիտի ինքնապաշտպանության դիմեն։

Բայց բանը նրանումն է, որ նրանք միամիտներ չեն, գիտեն որ բաց կռվում ոչինչ չեն անի—և ահա սկսում են իրենց ստորերկրյա, ավելի լավ է ասել արտաքինից մեր տերմինոլոգիայով զրահավորված կռիվը—այնպես, որ միամիտ մարդուն ամենայն հեշտությամբ կարող են շփոթության ենթարկել։ Այնպես, ասես նրանք աստծու գառներ լինեն. — օ, նրանք վաղո՜ւց են նույն բաները ասել, միայն թե ավելի բարեկիրթ «չափերով ու ձևերով»։ Նրանք կարող են խոսել նույնիսկ «դասակարգային կուլտուրայի» ընդունելիության մասին— կարծես թե շատ բան է կախված նրանց ընդունելուց կամ չընդունելուց։ «Բայց չա՞փը, չա՞փը...»։

Եվ այս չարաբաստիկ «չափից» է ահա, որ սկսվում է նրանց մասամբ անգիտակից, մասամբ էլ չափազանց գիտակից «փոլիտիկան»։ «Ասացեք խնդրեմ, ի՞նչ կապ ունի պրոլետարական ինտերնացիոնալիզմը—բանաստեղծության հետ...», «—իսկ պրոլետարական հեղափոխությո՞ւնը...»