Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/27

Այս էջը հաստատված է

— Զարմանքը դեմքին նման «միամիտ» հարցեր էր տալիս ինձ այդ ապադասակարգայիններից մեկը մեր դեկլարացիան տպվելու առաջին օրը — և ես — երևակայո՞ւմ եք—այնպես էլ չկարողացա հասկացնել նրան այդ «կապը»։ Ո՞նց․․․ հարցնում էր նա շվարած․ — Շեքսպի՞րը, Դանթե՞ն, Պուշկի՞նը․․․ նրանց անմահ գործերում ի՞նչ դասակարգ․․․

«Կուլտուրաները գնում են, անցնում, բայց նրանց մեջ ինչ որ առողջ է և կենսունակ՝ մնում են․․․»2։ Եվ այստեղից ահա—մի սպանող եզրակացություն, որ—«պոեզիայի մեջ էականը ո՛չ թե ինչն է, այլ ինչպեսը»3: Տեսա՞ք, որ բերեց իր ուզած «աբսոլյուտին» հասցրեց: Այլապես էլ ինչո՞ւ էր նա «ապադասակարգային», եթե մինչև այստեղ չհասցներ։ Եվ այստեղից է ահա, որ մենք պիտի պատասխանենք նրանց, որովհետև այստեղ է թաղված «շունը»։

Իմ հոդվածաշարի առաջին մասում ես սպիտակի վրա սևով գրել եմ, որ մարքսիստական էսթետիկայի առաջին աբզացը բարբառում է՝ «նյութը (կամ բովանդակությունը) բնորոշում է ձևը» — ահա մեր հիմնական տեսակետը, որից և հանում ենք բոլոր մնացած եզրակացությունները։ Եվ ամենաառաջին եզրակացությունը,— որ մենք հանում ենք այդ հիմնական տեսակետից— ա՛յն է, որ մեզ, մարքսիստներիս համար, որևէ գրական երկ քննելիս՝ էականը ո՛չ թե «ինչպեսն» է, այլ «ի՞նչը»: Որովհետև այդ «ինչն» է, որ բնորոշում է «ինչպեսը»— և ո՛չ մի դեպքում չի կարելի անջատել «ինչպեսը» ինչից, ասել, որ ձևը ինձ դուր է գալիս, իսկ բովանդակությունր... ո՛չ։ Եթե «ապադասակարգային» պարոնները մի քիչ ուշադրությամբ զննեին իրենց հոգեբանությունը— պիտի տեսնեին, որ Պուշկինի բանաստեղծությունը կարդալիս ո՛չ միայն սահուն հանգերն են