Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/276

Այս էջը սրբագրված է

կուլտուրայի ավանդներին։ Փոքր չէ նրանց թիվը նաև մեր պոեզիայում, նշանակալից է նրանց դերը մեր գրականության մեջ. այդ պատճառով էլ մենք այստեղ այդ տրտունջի մասին պետք է խոսենք պարզորոշ կերպով և հանգիստ, չխարազանելով, բայց և առանց «քնքշանքների», որովհետև, ինչպես հայտնի է, դեռևս բուրժուական միստիկ Դմ. Մերեժկովսկին է ասել15, թե այն գրողը, որը կարծում է թե աշխարհում չկա ավելի բարձր բան, քան գրականությունը, չի կարող լինել նույնիսկ... գրող։

Ո՞վ է պահանջում, որ հարվածայինների մասին վեպեր գրվեն հովվերգությունների ձևով16:

Միթե՞ պրոլետարիատը։

Ո՞վ է պահանջում, որ մեր գրականության մեջ մարդուն փոխարինի մտացածին «դասակարգային մանեկենը»։

Միթե՞ պրոլետարիատը։ Ուրեմն քննադատնե՞րը17 (և այն էլ ոչ բոլորը)։ Գուցե՞ նույնիսկ քննադատների միջավայրում էլ բացառություններ կան։

Բայց, ընկերնե՛ր, եկեք ասենք, որ քննադատների ետևում չտեսնել հսկայական քայլերով կուլտուրային tիրապետելու համար ճանապարհ հարթող կենդանի դասակարգը, որի անունից հաճախ իզուր են վրդովվում նրա անկոչ «ներկայացուցիչները» քննադատության մեջ, — եկեք ասենք, որ այդ իրոք որ «դասակարգային մանեկեններից», այն կողմ չտեսնել դասակարգը և դարաշրջանը,— նշանակում է քննադատների լղարիկ ծառերի ետևում չտեսնել պրոլետարիատի հզոր անտառը։

Ավելին. ես կարող եմ խոստովանել համագումարի առջև, որ ես ևս բազմիցս զայրացել եմ քննադատության դեմ, քանի որ այդ «քննադատությունը» հաճախ գռեհկաբար լռության է մատնել արվեստը և ցցել մերկ «գաղափարախոսությունը»։