Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/279

Այս էջը սրբագրված է

Ես շատ եմ սիրում Բ. Պաստերնակին20, իմ ստեղծագործության որոշ գծերով ինքս նման եմ նրան, բայց այդուհանդերձ զգում եմ, որ մեր «բարդությունը» մասամբ «ինտելիգենտական» բարդություն է, որը մենք պետք է հաղթահարենք, որ վաղվա կուլտուրապես ասած պրոլետարիատը հազիվ թե աշխարհը տեսնի ու զգա մեր «բարդ» ասոցիացիաների պրիզմայի միջով, այսինքն մեր այսօրվա բարդ արվեստի ամենահիմնական ապարատի միջով (ծափահարություններ)։

Այլ բան է, որ մեզ այդ տիպի գրողներիս համար, այսօր դեռևս դժվար է, թերևս անհնարին, տեսնել աշխարհը այլ ապարատի միջոցով, բայց այսօրվա համար քիչ բան արած չենք լինի, եթե նույնիսկ այդ հոգևոր ապարատով ցանկանանք արվեստը ծառայեցնել մեր հիմնական նպատակին։

Ուրեմն ինչո՞ւ թաքցնենք մեր ինտելիգենտական գլուխները արվեստի բարդության խախուտ տեսությունների ավազներում, և չասենք ի լուր ամենքի, որ մենք` մեր հոգեբանությամբ, որ անցյալի ողջ կուլտուրայի բարդ զարգացման արդյունք է,— այսօր կարող ենք ներկայացնել և արտացոլել կյանքը և պայքարը միայն այսպես. հոգևոր այլ ապարատ մենք չունենք, — և որ այդ ապարատը մենք չենք կարող մի օրում փոխել այնպես, որ նա և՛ գեղարվեստորեն արտացոլի կյանքը իր բոլոր բարդություններով, և՛ որպես արվեստ լիովին համապատասխանի պրոլետարիատի մասսայական հոգեբանությանը: Սակայն մենք, հասկանալի է, աստիճանաբար փոխվելով, նույնիսկ հոգևոր այդ ապարատով ջանում ենք արտացոլել կյանքը և պայքարը մեր օրերի իդեալների լույսի տակ, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ այդ ասպեկտից դուրս՝ կոտրած գրոշի արժեք չունի մեր ամբողջ «բարդ» արվեստը։ Բայց կարող է արդյո՞ք